Երևանում հնչած կրակոցների հետևանքով քաղաքացի է վիրավորվել, հայտնել է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Նոր Արեշ փողոցի բնակիչներ 52-ամյա Արթուր Ա․-ի և նրա հորեղբոր որդի 46-ամյա Գարիկ Ա․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ։ Վեճի ընթացքում Գարիկ Ա․-ն իր մոտ գտնվող ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել և վիրավորել Արթուր Ա․-ին, հայտնել է կայքը։
«Կրակոցի հետևանքով Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածյալ Գարիկ Ա․-ն ձերբակալվել է։