Հունիսի 5-ին վերականգնվել է Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ:
Ընթերցեք և դիտեք Armenia Today-ի ռեպորտաժն այն մասին, թե ինչպես են Լոռու բնակիչներն ու իշխանությունները դիմակայում մայիսի 26-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքներին։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։