ՆԳՆ-ն հայտնել է Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանի պայթյունի պատճառները։ Գազալցակայանում, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել 37 տոննա հեղուկ գազի ցիստեռնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ըստ նախնական տվյալների՝ գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։
Տեղեկացրել են նաև, որ այրվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկն ամբողջությամբ, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկն ամբողջությամբ, ջերմահարվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
«Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ»,- հավելել են ՆԳՆ-ից։
Պայթյունը տեղի էր ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր գազալցակայանի պայթյունի հետևանքով 7 տուժածի հոսպիտալացման մասին, որոնցից մեկն ավելի ուշ դուրս էր գրվել։ Հունիսի 7-ին ԱՆ-ն հայտնել էր, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Հունիսի 7-ին Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցել Քրեական օրենսգրքի 5 հոդվածով, այդ թվում՝ հրդեհային անվտանգության կանոնները և պահանջները խախտելու հատկանիշներով։