Հունիսի 10-ին Մաշտոցի պողոտայում դանակահարության հետևանքով 19-ամյա երիտասարդ է մահացել, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավորապես, հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով շտապօգնության խմբի կողմից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմավիրի մարզի 19-ամյա և Գեղարքունիքի մարզի 24–ամյա բնակիչներ, որոնցից 19-ամյա երիտասարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցային համալիրից ստացված հաղորդման համաձայն՝ մոտ ժամը 02:20-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։
«Պարզվել է, որ հունիսի 10-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ մի խումբ անձինք վիճաբանել են միմյանց հետ, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- հայտնում է ՔԿ-ն:
Ըստ հաղորդագրության՝ պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000թ․։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
Հունիսի 10-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ քաղաքի կենտրոնում վերջին 2 օրերի ընթացքում դանակահարության դեպքեր են գրանցվել, որոնցից մեկն ավարտվել է սպանությամբ, 2 անձ գտնվում է հիվանդանոցում։