Երևան-Սևան ավտոճանապարհին հունիսի 6-ին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է 1Lurer.am-ը՝ հղում անելով ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին:
Նրա խոսքով՝ տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։
Պայթյունը տեղի էր ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր գազալցակայանի պայթյունի հետևանքով 7 տուժածի հոսպիտալացման մասին, որոնցից մեկն ավելի ուշ դուրս էր գրվել։ Հունիսի 7-ին ԱՆ-ն հայտնել էր, որ պայթյունի հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Հունիսի 7-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել 37 տոննա հեղուկ գազի ցիստեռնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցել Քրեական օրենսգրքի 5 հոդվածով, այդ թվում՝ հրդեհային անվտանգության կանոնները և պահանջները խախտելու հատկանիշներով։