Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով, այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ:
Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով: