Գյումրիում մարտի 13-ին 60-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա հարևանին, հայտնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Տղամարդը հայտնաբերվել էր Տիմիրյազևի փողոցում՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով: ՔԿ-ն պարզել է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և նրա 47-ամյա հարևանի միջև՝ հարևանի ազգականի անվամբ կառուցված ցայտաղբյուրին տուժողի շան կողմից միզելու հարցի շուրջ, որի ընթացքում 47-ամյա տղամարդը, նախահարձակ լինելով, ձեռքերով հարվածներ էր հասցրել 60-ամյա հարևանի դեմքին, որը վերածվել էր ծեծկռտուքի:
«Վիճաբանողները տեղափոխվել էին ավտոտնակ, և հարևանների կողմից միջամտելու արդյունքում վիճաբանությունը դադարել էր: Սակայն 47-ամյա տղամարդը, չհանդուրժելով տեղի ունեցածը, գնացել էր իր տուն և վերցնելով որսորդական դանակը, այն թաքցնելով վերնահագուստի տակ, նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերադարձել էր տուժողի տուն, դուրս էր կանչել վերջինիս և, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ գտնվող որսորդական դանակով հարվածներ էր հասցրել հարևանի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծակած-կտրած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով հարևանին»,- հայտնում է ՔԿ-ն։
Պարզվել է, որ դեպքի պահին 47-ամյա տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում: 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանքը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: