ԱՄՆ Լոնգ Այլենդ քաղաքի 68-ամյա բնակիչը 1,9 մլն դոլարի փոխհատուցում է ստացել այն բանից հետո, երբ նրա ձեռքը մնացել է BMW մակնիշի ավտոմեքենայի դռան տակ։ Նրա բութ մատի մի մասը պոսկվել է, հայտնում է The New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2016 թվականին՝ ծրագրավորող Գոդվին Բոատենգի հետ, ով այդ ժամանակ վարում էր BMW X5 մակնիշի ավտոմեքենա։ Բժիշկներն ասել էին, որ հնարավոր չէ մատը վերականգնել:
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը տվյալներ չի հրապարակել նման միջադեպերի ստույգ թվի մասին։ BMW-ն պնդում էր, որ միայն մի քանի մարդ է տուժել մեքենայի դռան պատճառով, բայց իրականում՝ ամբողջ աշխարհում գրանցվել են առնվազն 44 վնասվածքի դեպքեր, որոնք առաջացել են դռների փափուկ փակման ֆունկցիայի պատճառով»,- գրում է պարբերականը:
Փոխհատուցում վճարելու մասին որոշումը կայացրել է Երդվյալ ատենակալների դատարանը։ Նշվում է, որ վնասվածքի պատճառով ամերիկացին ստիպված էր նորից սովորել գրել և ուտել, ինչպես նաև հրաժարվել թենիս խաղալու իր հոբբիից։