Հունիսի 28-ին Տավուշի մարզում գտնվող «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում 31-ամյա, ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ դի է հայտնաբերվել, գրել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հյուրանոցից իրապապահներին հայտնել են, որ մահացած կինը՝ Վ. Լուգովսկայան, հունիսի 26-ին իրենց մոտ հանգստանալու նպատակով զբաղեցրել է թիվ 101 համարի հանգստյան սենյակը, իսկ հունիսի 27-ին դռան վրա փակցրել է իրեն չանհանգստացնելու մասին ցուցանակ, հայտնել է կայքը։
«Հունիսի 28-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, տեսնելով, որ կինը սենյակից դեռևս դուրս չի եկել, հյուրանոցի անձնակազմն անհանգստացել է։ Այնուհետ բացել են սենյակի դուռը և անկողնում մահացած վիճակում հայտնաբերել են Լուգովսկայայի դին։ Ոստիկաններն ու քննիչները սենյակի աղբարկղի մեջ հայտնաբերել են 3 հատ «Կետիլեպտ» տեսակի դեղահաբի դատարկ թերթ՝ յուրաքանչյուրը նախատեսված 60 հատ հաբի համար»,- հավելել է կայքը։
Ըստ ԶԼՄ-ի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։