Սյունիքի մարզում ընտանիքի 7 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, 4-ամյա աղջնակը մահացել է, երեխաներից մեկին սանավիացիայով տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Ժամը 22:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ, իսկ հուլիսի 6-ին՝ նույն ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել նաև 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:
Ըստ աղբյուրի՝ իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20-00-ի սահմաններում, Ա. Պողոսյանն իրենց տանը հիվանդանոց տեղափոխվածների հետ ընթրիքի ժամանակ կերել է երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքովէլ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ Լուիզա Խ.-ն, գիտակցության չգալով, մահացել է եղել:
Տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սննդամթերքներից կտորներ, որոնք քննիչի կողմից վերցվել են որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար: Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: