Վայոց ձորում բանակից զորացրվելու միջոցառումն ավարտվել է խուլիգանությամբ, ծեծկռտուքով և վրաերթով, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Եղեգն» ռեստորանային համալիրում, որտեղ հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել միջոցառման մասնակիցներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանի, 45-ամյա Հովիկ Սարգսյանի, 41-ամյա Գարիկ Սարգսյանի և ռեստորանի հաճախորդներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 32-ամյա Գեղամ Վարդանյանի, 31-ամյա Ռոմիկ Վարդանյանի, 31-ամյա Գեղամ Բադալյանի, 33-ամյա Տիգրան Բադալյանի միջև։
Վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել է ռեստորանի տարածքից դուրս՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին, որի ժամանակ քաշքշել, բռունցքներով հարվածել են միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ, որը տևել է մոտ 20 րոպե ու այդ ժամանակ էլ փողոցում տեղի է ունեցել վրաերթ:
Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Մուրադյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհը հատող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Սողոմոնյանին, 45-ամյա Ենոք Նազարյանին և 43-ամյա Հովիկ Սարգսյանին։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորներին տեղափոխել «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, ինչից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։