Հուլիսի 17-ին Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կան վրավորներ և մեկ զոհ, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22։00-ի սահմաններում։ «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի։ Քննիչներն ավելի ուշ պարզել են, որ հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Աֆիյանը գիտակցության չգալով՝ մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում՝ ատրճանակ։
«Մահացած Աֆիյանը Սևանում հայտնի ատամնաբույժ է, ոստիկանները կարողացել են մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծել, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը»,- հավելել է կայքը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն, սպանության փորձի հատկանիշենրով նախաձեռնվել է քրեական վարույթ, ասված է հրապարակման մեջ։