Կոտայքի մարզի 6 բնակիչ բերման է ենթարկվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանները դեպքի վայր են մեկնել՝ ուլիսի 19-ին ահազանգ ստանալով այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար և նրանց մոտ հնարավոր է զենք լինի։
Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են հավաքված բազմաթիվ անձանց, ովքեր, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բարձրաձայն վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել։
«Ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով ներկայանալով, օրինական պահանջ են ներկայացրել՝ հակահասարակական և հակաբարոյական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ, սակայն նշված անձինք ոչ միայն չեն ենթարկվել, այլև սկսել են հայհոյել նաև ոստիկանության ծառայողներին և հարձակվել վերջիններիս վրա՝ հարվածելով և քաշքշելով նրանց»,- հայտնում է կոմիտեն։
Արդյունքում՝ ոստիկանները, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, փորձել են ձերբակալել նրանց, սակայն վերջիններս շարունակել են հարվածել և քաշքշել ոստիկանության ծառայողներին։ Ոստիկաններին հարվածող անձանցից մեկը փորձել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, ինչը ոստիկաններից մեկը փորձել է կանխել, սակայն ավտոմեքենայի վարորդը վարել է ավտոմեքենան՝ քաշելով ոստիկանին։
Վիճաբանության մասնակիցների կողմից հասցված հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ են պատճառվել ոստիկանության ծառայողներին, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ ՔԿ-ի՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած անձանցից 6-ը դեպքի վայրից տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 6 անձինք ձերբակալվել են։
Պարզվել է, որ բացի նշված անձանցից, վիճաբանության ժամանակ այլ անձինք ևս հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են փայտե մահակներ, դանակներ և արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։