ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վնասման մասին։ Նա Armenia Today-ին տեղեկացրել է, որ շենքից քարեր են թափվել, ինչի հետևանքով արգելապատնեշ և կիսաքանդ միջնապատ է վնասվել։
«Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում 1 կիսաքանդ միջնապատ։ ՆԳՆ ՓԾ ծառայողները սահմանազատել են տարածքը»,- ասել է Սարգսյանը։
Շենքի վնասվելու մասին հուլիսի 28-ին հայտնել էր բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek)։
Պատմական կառույցը վերապրել է երկու երկրաշարժ՝ 1926 և 1988 թվականներին։ Այն գտնվում է Գյումրիի «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում։ Այստեղ են նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի տեսարանները, որից ի վեր շենքը դարձել է գյումրեցիների և հյուրերի սիրելի վայրը։ Մարդիկ հատուկ գալիս են Գյումրի՝ տեսնելու հայտնի շենքը և լուսանկարվելու «Վառեմ-մարեմ» տան պատշգամբի ֆոնին:
2023-ի նոյեմբերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր պատմական շենքը վերականգնելու մտադրության մասին։