Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օգոստոսի 2-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Երկրաշարժը զգացել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, հավելել են ՆԳՆ-ից։
«Ժամը 10:44-ին հյուսիսային լայնության 41․16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։
Հուլիսի 22-ին Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ տեղի էր ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որն զգացվել էր նաև Երևանում, Լոռու, Տավուշի ու Կոտայքի մարզերում։ Երկրաշարժը Տավուշի մարզում 5-6, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 3 բալ ուժգնությամբ էր։