Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակից Արսեն Զախարյանը մահացել է բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում, հայտնում է կոմբինատի մամուլի ծառայությունը։
Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում։ 55-ամյա Զախարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ։
«Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակագերով սահմանված պատիժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չնայած վերջին տարիներին ընկերությունում ներդրվող անվտանգության խստացված կանոններին և պատահարների թվի նվազեցմանն ուղղված ջանքերին՝ աշխատակիցների շրջանում վարքագծի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է։
Ընկերությունից հավելել են, որ շարունակելու են հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը՝ ըկերության արտադրական և ոչ արտադրական բոլոր տարածքներում։