Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխա է մահացել, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Մահվան դեպքի առնչությամբ գերատեսչությունից տեղեկացնում են, որ երեխան պետության խնամքին է տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով։
Առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ, ասված է հրապարակման մեջ։
«Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ և, ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են»,- հայտնում են նախարարությունից։
Ըստ գերատեսչության՝ օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումներն ապարդյուն էին, երեխայի մոտ գրանցվել է մահ։
Նշվում է, որ դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս։