Գեղարքունիքի մարզում օգոստոսի 12-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժը որոշակի վնասներ է հասցրել մարզի մի քանի գյուղերի, վնասվել է նաև Ծակքար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Փաստինֆո»-ին ասել է գյուղի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սանթուր Խաչատրյանը։
Նա հայտնել է, որ հին եղեկեղեցուց քարեր են ընկել, եղած ճաքերը խորացել են։
«60 ականներին կառուցված բնակելի տների մեջ առաջացել են ճաքեր, վնասվել է մոտ 8 տնտեսություն, ինչի մասին տեղյակ ենք պահել պատկան մարմիններին»,- հավելել է Խաչատրյանը։
Օգոստոսի 12-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում ժամը 02:02-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ գերատեսչության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 5-6 բալ: Գեղարքունիքի մարզում երկրաշարժն զգացվել էր 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, իսկ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում։