Սյունիքի մարզում 2-ամյա երեխան Լծեն բնակավայրի «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում բարձրությունից ցած է ընկել ու տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնում է Shamshyan.com-ը։
«Երեխան Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն է, ով իր պապիկի՝ 63-ամյա Ալեքսանդր Մ.-ի հսկողությունից դուրս է մնացել, ապա դուրս եկել տանից ու հայտնվել Լծեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում, որտեղից էլ մոտ 35-40 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Լծեն-Մեղրի ավտոճանապարհի եզրամասի հողաշերտի վրա ու ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ»,- գրում է կայքը:
Դեպքի մասին ահազանգն ստացվել է քաղաքացուց, ով հայտնել է, որ ինքն անցորդ է ու ճանապարհի երթևեկելի հատվածում տեսել է երեխային՝ ընկած վիճակում: Ըստ կայքի՝ երեխան բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում: Կայքը հավելում է, որ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: