«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն Armenia Today-ին պարզաբանել է Երևանի մի շարք վարչական շրջանների, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանների վթարային հոսանքազրկումների պատճառը։
Ըստ ՀԷՑ-ի՝ վթարանային անջատման պատճառն ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալն է։
«Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան»,- հայտնել է ընկերությունը:
Ընկերությունը հավելել է, որ Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ն անջատվել է համակարգից։
«Կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- հավելել են նախարարությունից։