3 ավտոմեքենայով փակել են կոմպոզիտոր Տիգրան Համասյանի և համերգային խմբի ճանապարհը, հարձակվել մեքենաներում գտնվողների վրա, հայտարարել է «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը։
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ հարձակման է ենթարկվել ավտոմեքենա, որի մեջ գտնվում էր Համասյանը։
Խորհուրդը մանրամասնել է, որ օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում իրականացնել դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին:
«Առավոտյան «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, Համասյանի և «Խազեր» երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ՝ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այնհետև նշվում է, որ նկարահանման տարածք է մտել 3 անձ և սկսել խոչընդոտել աշխատանքներին։
Ըստ հաղորդագրության՝ համերգի տեսագրման ավարտից հետո 10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, հարձակվել առաջին մի քանի ավտոմեքենայի վրա, կոտրել մեքենաներից մեկի ապակին, որում Համասյանն էր գտնվում, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված հասցրել:
Միջադեպի մասին ահազանգել են ոստիկանություն, պարեկների ժամանելուց հետո հարձակվողները փախել են դեպքի վայրից:
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ Արագածոտնի մարզում Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա հարձակվելու, քարերով հարվածելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով) քրեական վարույթ է նախաձեռնվել։