Ուգանդացի վազորդուհի, 33-ամյա Ռեբեկա Չեպտեգեյը, ով մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերին, մահացել է՝ ընկերոջ կողմից հարձակման ենթարկվելուց հետ, հայտնում է Ուգանդայի աթլետիկայի ֆեդերացիան։
Մարզիկի ընկերը՝ Դիքսոն Նդիման, սեպտեմբերի 1-ին բենզինի տարայով մտել է աղջկա տուն, նրա վրա դյուրավառ հեղուկ է լցրել ու այրել։ Չեպտեգեյը մարմնի 80%-ից ավելի այրվածքներ է ստացել։ Նա ծայրահեղ ծանր իրավիճակում տեղափոխվել է հիվանդանոց և, ի վերջո, մահացել։
Ինքը՝ Նդիման, մարմնի 30% այրվածքներ է ստացել։ Նա ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը «բարելավվում և կայունանում է»։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կոնֆլիկտի պատճառ է դարձել անհամաձայնությունն այն հողատարածքի շուրջ, որի վրա կառուցվել է տունը։ Մարզիկը նախկինում տեղափոխվել էր Քենիա՝ ուսումնական կենտրոններին մոտ ապրելու համար։
Չեպտեգեյը Փարիզի Օլիմպիական խաղերում մասնակցել է մարաթոնյան մրցավազքին և զբաղեցրել 44-րդ տեղը: 2010 թվականից նա բազմիցս ներկայացրել է Ուգանդան աշխարհի առաջնություններում: