Իրանի Հարավային Խորասան նահանգի Տաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը:
Նա հայտնել է, որ 17 վիրավորի տեղափոխել են հիվանդանոցներ, 24-ն անհետ կորած է համարվում։
«Տաբասի ածխահանքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվածների նախնական թիվը 19 էր։ Սեպտեմբերի 22-ին 9 հանքափորի մարմին է հայտնաբերվել ու զոհերի թիվը հասել է 28-ի»,- ասել է Կոլիվանդը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Հանքահորում աշխատել է 69 մարդ: