Արարատի մարզի դպրոցներից մեկում վնասվածք ստացած 10-ամյա աղջիկ երեխան՝ Է․ Շ․-ն, 5-րդ օրն է՝ գտնվում է կոմայի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ երեխան մարմնական վնասվածքն ստացել էր Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այժմ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։
Երեխայի հորաքույրը՝ Էլիզա Շահնազարյանը, Shamshyan.com-ին հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին երեխան սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի դպրոցից զանգել են և ասել, որ նրան տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, «բայց լուրջ բան չկա»։
Հորաքույրը մանրամասնել է, որ երեխայի աջ թևը ջարդվել է, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրվել։ Նրա խոսքով՝ հարազատները տեղյակ չեն, թե ինչպես է վնասվածքն ստացել։
«Մեկն ասում է՝ դպրոցում ընկել է աստիճանից, մյուսն ասում է՝ ընկել է երեխուս ոտքերի տակ, մի խոսքով, ուզում են ծածկադմփոց անեն։ Ասում են՝ դպրոցում տեսախցիկներ կան, բայց չեն աշխատում, ուզում ենք հասկանանք՝ ինչո՞ւ հենց հիմա սկսեցին չաշխատել»,- նշել է հորաքույրը։
Նրա հավելել է, որ հարազատները պահանջում են արդար քննություն, որպեսզի պարզեն, թե ինչպես է երեխան այդ «վիճակում հայտնվել»։