Հնդկաստանի Հաթրաս քաղաքում մասնավոր դպրոցի տնօրենն ու ուսուցիչները 11-ամյա տղային սպանել են, հայտնում է Times of India-ն։ Նրանք «աստվածներին են զոհաբերել» երկրորդ դասարանի աշակերտին՝ հուսալով, որ դա ուսումնական հաստատությանը «հաջողություն և համբավ» կբերի։
Սպանության գործով հինգ մարդ է ձերբակալվել։ Նրանց թվում է երեք ուսուցիչ, դպրոցի տնօրեն Դինեշ Բաղելը և նրա հայրը և ուսումնական հաստատության սեփականատեր Ջասոդհան Սինգհը։ Ըստ քննիչների՝ հենց նա է համոզել որդուն մարդկային զոհաբերություն կատարել։ Ենթադրվում է, որ Սինգհը հավատում է «տանտրիկ ծեսերին» և հույս ուներ, որ իր արածը «կհանդարտեցնի աստվածներին և կփրկի դպրոցը ֆինանսական դժվարություններից»:
Ոստիկանության տվյալներով՝ սեպտեմբերի վերջին դպրոցի տնօրեն Դինեշ Բաղելը քնած ժամանակ բռնել է աշակերտներից մեկին և դուրս բերել դպրոցի տարածքից։ Տղան փորձել է փախչել, հետո տղամարդը խեղդամահ է արել երեխային։
Դպրոցի տնօրինությունն սպանված աշակերտի ծնողներին հայտնել է, որ նա վատառողջ էր, և իբր տնօրենը նրան տարել է բժշկի։ Փոխարենը Բաղելը մի քանի ժամ շրջել է քաղաքում՝ երեխայի դիակը հետևի նստատեղին։ Տղայի հայրը դեպքի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, Բաղելի մեքենան կանգնեցրել են, իսկ մեջը հայտնաբերել են տղայի դին։ Նրա պարանոցին խեղդամահության հետքեր կային։
Ոստիկանության տվյալներով՝ սեպտեմբերի սկզբին դպրոցի աշխատակիցները փորձել էին զոհաբերել մեկ այլ աշակերտի, սակայն տղային հաջողվել էր փախչել: