Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհից։ Armenia Today-ն ուղիղ հեռարձակում է իրականացնում դեպքի վայրից։
Գերատեսչության տվյալներով՝ հայտարարվել է «Թիվ 3» հրդեհային բարդության կանչ, դեպքի վայրում աշխատում է 14 մարտական հաշվարկ։
«Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ հրդեհի հնարավոր պատճառների թվում դիտարկվում է նաև պայթյունի վարկածը։ Սակայն այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել, դեպքի վայրում աշխատում են իրավապահները։
Նա հավելել է, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, որ հետաքննությունը կպարզի հրդեհի պատճառները։
Ավելի ուշ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը լրագրողներին հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է (ժամը 15։23-ին) և տուժածներ չկան։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին, Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանում հրդեհ է բռնկվել Իսակովի 29/1 հասցեում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի տարածքում։