Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը, դեպքի վայրում աշխատել է 17 մարտական հաշվարկ, Armenia Today-ին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հրդեհը բարդության երրորդ աստիճանի էր:
Հրդեհի նախնական պատճառը կարող էր լինել հոսանքազրկումը, հայտնել է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից Armenia Today-ին հայտնեցին, որ «Դոմուս» խանութը տեսչական մարմնից ավարտական ակտ չի ունեցել։ «Շինությունն ավարտական ակտ չունի՝ նախկինում կառուցված լինելու և պետական գրանցում ստանալու հիմքով»,- ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։
Ըստ ՆԳՆ-ի՝ հրդեհը մարվել է ժամը 16.11-ին։ Գերատեսչության տվյալներով՝ մոտ 3000 քառակուսի մետր տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15։23-ին։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։