X-Group ընկերությունների խումբը, որին պատկանում է Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» առևտրի կենտրոնի շենքը, խոստացել է 500 հազար դրամ պարգև նրան, ով առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի առաջին կադրերի տեսագրություն կներկայացնի։
«Անշարժ գույքի սեփականատերը ցանկանում է տեղեկանալ հրդեհի ակունքի և դրա իրական պատճառների մասին, ինչը կարող է աջակցել նաև քննությունն իրականացնող իրավապահ մարմիններին, ուստի հայցում է ձեր օգնությունը»,- գրել է ընկերության մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը։
«Դոմուս» ՓԲԸ տնօրեն Մհեր Միրզախանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վնասը գերազանցում է 800 մլն դրամը։
Հովսեփյանի խոսքով՝ պարգևավճարին արժանի նյութն ընտրվելու է հետևյալ սկզբունքով՝ հրդեհի սկիզբը պատկերող լուսանկարներից և տեսաձայնագրություններից նախ ընտրվելու են ամենավաղ կատարվածները, դրանց միջից ընտրվելու են իրողությունն ամենալավ արտացոլողները, որոնցից արդեն ընտրվելու է ամենաորակյալը, որը և կարժանանա պարգևավճարին:
Հոկտեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Դոմուս» հիպերմարկետի տարածքում, որի հետևանքով 3000 քառակուսի մետր տարածք էր այրվել։ Հրդեհի մասին տեղեկությունը ՆԳՆ-ում ստացվել էր ժամը 12։57-ին, փրկարարները հրդեհի բարդության 3-րդ աստիճան էին հայտարարել (5 բալանոց սանդղակով): Հրդեհի մարմանը մասնակցել էր փրկարարների 17 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 15:23-ին, մարվել՝ 16:11-ին։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր երկհարկանի շինությունը։