«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն Armenia Today-ին մեկնաբանել է Երևանի հիդրոէլեկտրակայանում բռնկված հրդեհի մասին լուրը: Այսօր ավելի վաղ Pastinfo-ն, վկայակոչելով ՆԳՆ-ին, հայտնել էր, որ Հրազդանի կիրճում՝ Երևանի ՀԷԿ-ի մոտակայքում, մալուխներ են այրվում:
Ընկերության ներկայացուցիչ Նատալյա Սարաջյանի խոսքով՝ Երևան ՀԷԿ-ում տեղային հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։
«ՀԷՑ-ի մասնագետներն անջատել են էլեկտրամատակարարումը՝ հետագա հետևանքներից խուսափելու համար։ 20-30 րոպեի ընթացքում էլեկտրամատակարարումը կվերականգնի։ Էլեկտրամատակարարման մի մասն արդեն վերականգնվել է»,- հստակեցրել են ՀԷՑ-ից։
Ներքին գործերի նախարարությունից Armenia Today-ին մանրամասնել են, որ Հրազդանի կիրճում՝ «Երևան» ՀԷԿ-ի տարածքում 2 մալուխ է այրվել։
«Այրվել է եռաֆազ հոսանքի 2 մալուխ՝ յուրաքանչյուրը 20 սմ, որը մարվել է տեղի ուժերով»,- հավելել են ՆԳՆ-ից։
Հուլիսի 6-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հրդեհ էր բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող Երևանի ՀԷԿ-ում։ Նա ասել էր, որ հրդեհի պատճառը մալուխի բռնկումն էր: ՀԷԿ-ում բռնկված հրդեհի պատճառով Երևանի մի մասը մնացել էր առանց էլեկտրականության։ ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հոսանքազրկվել էր Կորյուն փողոցից մինչև Բաղրամյան պողոտան։ Նույն օրը երեկոյան Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհը մարվել է։