Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան՝ ներկա պահին առկա տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀ ԱԳՆ-ն նաև ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների կապակցությամբ։
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր կրել են այս տարերային աղետի հետևանքները»,- ասվում է X-ում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի հիշատակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։
Հորդառատ անձրևներն ու ամպրոպներն արտակարգ իրավիճակ են ստեղծել Իսպանիայում, որից հատկապես տուժել են իսպանական ինքնավար համայնքներ Վալենսիան, Կաստիլիա-Լա Մանչն ու Անդալուզիան։ Միաժամանակ՝ Վալենսիայում հայտարարվել է տագնապի առավելագույն՝ կարմիր մակարդակ։ Տվյալ շրջաններում գրանցվել են 1966 թվականի սեպտեմբերի 11-ից ի վեր ամենաշատ տեղումները։