Նոյեմբերի 23-ի գիշերը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածք են ներխուժել զինված անձինք, հայտնել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։
Հաղորդագրության համաձայն՝ հրազենով զինված անձինք հատուկ պահպանվող տարածք են ներթափանցել որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով։ Հիմնադրամից ընդգծել են, որ որսի իրականացումը տարածքում խստիվ արգելված է, միևնույն ժամանակ հայտնել, որ խումբը փորձել է կրակել պահպանության տեսախցիկի ուղղությամբ՝ փորձելով վնասել հիմնադրամի գույքը։
«CWR ռենջերները ժամը 23:30-ից սկսած Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին նկատել են ավտոմեքենայի և ձեռքի լապտերների լույսեր։ CWR գլխավոր ռենջեր Գևորգ Կարապետյանի ղեկավարությամբ իրականացվել է հետախուզում, փակվել են ճանապարհներ, ինչի արդյունքում կանխվել է խմբի փախուստը»,- ասված է հայտարարության մեջ։
Խմբին հայտնաբերելուց հետո առգրավվել են առանց փաստաթղթերի 2 միավոր ակոսափող հրազեն, հավելել են հիմնադրամից։