Դատարանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերով երկու անձի նկատմամբ կիրառել է բացակայելու արգելքը, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ գերատեսչության՝ առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ի և առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):
Ըստ նախաքննության՝ Ի․Մ․-ի և Վ․Մ․-ի թույլ տված խախտումների հետևանքով «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել էր հրդեհ, ինչի արդյունքում վնասվել և ոչնչացվել էին ՓԲԸ-ին պատկանող 46 մլն 279 հազար դրամ, 17 տաղավարի սեփականատերերի՝ 15 մլն 880 հազար դրամ և տնտեսվարող ԱՁ-ների ընդհանուր՝ 504 մլն 170 հազար 823 դրամ արժողության գույքերը:
«Հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չէր մարել նույն պահեստում 2022 թվականին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն, որն անզգուշությամբ առաջացրել էր 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել էին տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, պայթյունի հետևանքով ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230 հազար 495 դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում պահեստ վարձակալած գործարարը։ Դատարանը կալանավորել է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովային։ Բացի առևտրի կենտրոնի տնօրենից և պահեստի վարձակալից, գործով անցնում են ևս 2 հոգի։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացի ստացել էր մարմնական տարբեր վնասվածքներ:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցները մարտի 23-ին բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով վերականգնել օբյեկտի աշխատանքը։ Նրանք պնդում էին, որ կենտրոնի փակվելուց հետո կրկնակի ստուգումներ չեն անցկացնում հետագա աշխատանքների վերականգնման համար։