Հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ծառայության նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։
ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք, ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 124 հրշեջ-փրկարար, հավելել են ՆԳՆ-ից։
«Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը»,- տեղեկացրել են ծառայությունից։