Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը խորանալու է, երբ գործող իշխանությունները թաքցնեն արտաքին քաղաքական որոշ գործընթացներ, իշխանությունների աջակցությունը կրճատվում է, երբ նրանք չեն իրականացնում իրենց տված խոստումները։ Այս մասին Armenia Today-ի թղթակցին ասել է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
«Որքանով ես կարող եմ դատել Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի հնարավոր ստորագրման շուրջ ընթացող բանակցությունների էության մասին հակասական և հատվածական տեղեկությունները, ապա դրանք մտահոգիչ են ինչպես ընդդիմադիր խմբակցությունների, այնպես էլ Հայաստանի բնակչության ավելի լայն շրջանակների, և առանձին կերպով՝ Արցախի Հանրապետության համար», – ասել է նա:
Նա հիշեցրել է, որ ժամանակին Փաշինյանը, երբ բազմահազարանոց հանրահավաքներ էր անցկացնում, հավաքվածներին հավաստիացնում էր, որ ժողովրդից ոչ մի գաղտնիք չի ունենա։ Փորձագետի խոսքով՝ բանակցությունները գնում են փակ ռեժիմով, սակայն վարչապետի որոշ արտահայտությունները, մասնավորապես, ապրիլի 13-ին խորհրդարանում արված հայտարարությունները, վկայում են Հայաստանի համար բավական բացասական գործընթացների և ղարաբաղյան հարցը ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգից փաստացի հանելու մասին:
«Բնական է, որ Հայաստանում դա չի կարող դրական ընկալվել։ Դրան գումարվում է տնտեսության մեջ շարունակվող բացասական գործընթացները։ Իշխանությունների որոշ խոստումների չիրականացումը, ըստ իմ զգացողությունների, մեծապես նվազեցնում է ընտրողների աջակցությունը», – նշեց քաղաքագետը։ Արեշևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը, բացի շաբաթօրյակներից, իշխանություններին աջակցության զանգվածային ակցիաներ չեն եղել, որոնք, հավանաբար, ծրագրված էին եղել:
Նրա խոսքով, դժվար է ասել, թե ինչպես ներկայիս բողոքի ակցիաները կազդեն խաղաղ բանակցությունների ընթացքի վրա, քանի որ դրանց մասին մենք առանձնապես ոչինչ չգիտենք։
«Բայց, ամեն դեպքում, Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը կխորանա, երբ գործող իշխանությունները թաքցնեն ինչ-որ գործընթացներ և ցույց տան իրենց ոչ կոմպետենտությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցերում։ Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի ոչ այնքան հաջող վերջին բանակցությունների մասին Հայաստանում տարածվող տեղեկատվության վրա։ Կարծում եմ, որ ինչ-որ չափով դա նաև ազդում է այն գործընթացների վրա, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում», – ասաց նա։
Պատասխանելով առաջիկա ամսում Հայաստանում իշխանափոխության հնարավորության մասին հարցին՝ փորձագետը նշել է, որ չէր բացառի որևէ սցենար, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված: Դա, Արեշևի կարծիքով, կախված կլինի նրանից, թե որքանով ընդդիմությանը կհաջողվի առաջ շարժվել այն նպատակներին ընդառաջ, որոնք ընդդիմությունը նշել է, այն է՝ Փաշինյանի հրաժարականին։
Փորձագետի խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինեն խորհրդարանական ընտրությունները և հնարավոր է՝ սահմանադրական բարեփոխումները, ինչի մասին խոսվել է նախորդ տարիներին։ «Վերջին մեկուկես տարում ընդդիմությանը չհաջողվեց հասնել իր նպատակներին, սակայն այժմ բողոքի ակցիաների անցկացման ընթացքում նրանք ցույց են տալիս ավելի շատ հմտություն, համառություն և տեխնոլոգիա, երբ փորձում են որոշակի չափով պատճենել այն մարտավարությունը, որը հաջողությամբ կիրառել է ինքը՝ Փաշինյանը 2018 թվականին», – հայտարարել է Արեշևը: