Անկարան չնայած նախապայմանների բացակայության մասին հայտարարություններին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ուղղակիորեն կապում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հետ: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների վերջին փուլի արդյունքները։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման և ուղիղ բեռնափոխադրումների մեկնարկի մասին:
Սաֆրաստյանը նշել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպման ընթացքում իրական արդյունքներ են գրանցվել: Փորձագետի խոսքով, այդ փոքր արդյունքները վճռորոշ նշանակություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համար, բայց, այնուամենայնիվ, դրանք վկայում են, որ գոյություն ունի բանակցային գործընթացի դինամիկա: «Այս դինամիկան հույս է տալիս, որ այն կշարունակվի և հետագայում կլինեն ավելի մեծ իրական քայլեր»,-ասաց Սաֆրաստյանը:
Նա հիշեցրել է, որ երկու կողմերից պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների: Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, բարձր մակարդակի թուրք պաշտոնական ներկայացուցիչները վերջերս սկսել են բանակցային գործընթացը ուղղակիորեն կապել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բանակցությունների հետ՝ մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:
«Ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ ամեն անգամ թուրքական կողմը բանակցությունների հերթական փուլից առաջ և հետո պաշտոնապես հայտարարում է, որ իրենք նախապայմաններ չունեն, իսկ թուրքական կողմի բարձրաստիճան պաշտոնյաներն Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը ուղղակիորեն կապում են Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հետ։ Սա թուրքական դիվանագիտության մի առանձնահատկություն է. նրանք ասում են մի բան, հետո՝ մեկ այլ բան։ Սա իրականություն է, որի հետ պետք է համակերպվել և փորձել առաջ գնալ», – ասել է Սաֆրաստյանը։