Իրանում տեղի ունեցած ցանկացած ցնցում չի բխում Հայաստանի շահերից և ՀՀ-ի համար ռիսկեր է պարունակում: Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանի մի շարք ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումներին:
«Եթե այդ ցնցումները վերածվեն ավելի մեծ մասշտաբով աղետի, ապա Հայաստանի վրա բացասական հետևանքներն ավելի առարկայական կզգացվեն: Իրանը մեր հարևանն է, ինչպես նաև բարեկամ երկիր, ռազմավարական գործընկեր: Այսպիսի դժնդակ պայմաններում, մանավանդ հիմա, այդ երկրում տեղի ունեցող ցնցումները բացարձակապես չեն բխում Հայաստանի շահերից: ՀՀ շահերից է բխում կայուն Իրանը»,- նշեց իրանագետը:
Խոսելով Իրանի մի շարք ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումների հավանական կազմակերպչի մասին՝ նա ընդգծեց. «Ժամանակ առ ժամանակ նման օպերացիաներ իրականացվում են Իրանի տարածքում: Կարծում եմ՝ մոտավորապես կարելի է կռահել, որ Իսրայելի հատուկ ծառայությունների գործողություններն են՝ հաշվի առնելով, որ հարձակումներից առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իրենք ահաբեկիչների գործողություններն անպատասխան չեն թողնելու»:
Հարցին՝ վերջին միջադեպերը կարո՞ղ են ավելի լայն էսկալացիայի հանգեցնել՝ իրանագետը նշեց, որ ուղիղ պատերազմի հնարավորությունը գրեթե անհավանական է համարում:
«Կարծում եմ՝ չի լինի ուղիղ պատերազմ: Նախկինում ևս նմանատիպ դեպքեր են եղել, բայց Իրանը և Իսրայելը խուսափում են ուղիղ պատերազմից: Իրենք ավելի շատ պրոքսի պատերազմների ճանապարհն են ընտրել, միջնորդավորված ձևերով են պատերազմում և չեն նախընտրում ուղիղ բախումը: Շատ դեպքերում՝ այդ պրոքսի պատերազմի միջոցով Իսրայելը գործողություններ է իրականացնում Իրանի դեմ, նույնն իրականացնում է նաև Իրանը: Իսրայելի սահմանին կան իրանամետ խմբավորումներ, որոնք ժամանակ առ ժամանակ գործողություններ են իրականացնում Իսրայելի դեմ հենց Իրանի ցուցումներով»,- ընդգծեց իրանագետը՝ շեշտելով, որ Իրանի դեմ պատերազմական գործողություններ չի կանխատեսում:
Եթե անգամ նման սցենար լինի, Արմեն Վարդանյանը չի կարծում, որ Ադրբեջանը կմիանա Իրանի դեմ գործողություններին:
«Իրանի դեմ ռազմական արշավին միանալն Ադրբեջանի համար հղի կլինի կործանարար հետևանքներով: Միգուցե Ադրբեջանը պրոքսի պատերազմին բնորոշ ձևերով, անուղղակիորեն միանա այդ դաշինքին: Հնարավոր է՝ Իրանի դեմ հետախուզական և այլ գործողություններ իրականացնելու համար իր տարածքը որպես հարթակ տրամադրի իսրայելական հատուկ ծառայություններին, բայց ուղղակի միացում այդ արշավին՝ չեմ կանխատեսում, ինչպես չեմ կանխատեսում պատերազմը»,- նշեց նա:
Արմեն Վարդանյանն այս համատեքստում հավելեց, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված վերջին միջադեպի ու վերոնշյալ հարձակումների միջև կապ չի տեսնում:
«Կարծում եմ, այնուամենայնիվ, կենցաղային միջադեպ էր, որն առնչություն չուներ թե՛ Իսրայելի հատուկ ծառայությունների, թե՛ Իրանի իշխանությունների հետ: Ինչու եմ շեշտում նաև Իրանի իշխանությունների մասին, որովհետև ադրբեջանական մամուլը, իշխանություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերջին մի քանի օրերին դեսպանատան վրա հարձակման մեջ հենց Իրանի իշխանություններին են մեղադրում: Իրանին պետք չէր նման միջադեպ իր երկրի տարածքում, քանի որ այն վնաս է իր երկրի իմիջին, հեղինակությանը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի Սպահան նահանգում պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա անօդաչու թռչող սարքերով անհաջող հարձակում էր եղել: Սպահանում պաշտպանական սարքավորումների արտադրության համալիրի վրա հարձակված երեք ԱԹՍ-ներից մեկը խոցվել էր օբյեկտի ներսում տեղակայված պաշտպանական համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը պայթել էին՝ թակարդների մեջ ընկնելով: Բացի այդ, պայթյուններ են եղել նաև Համադան և Քերեջ քաղաքների ռազմական գործարաններում։
Հիշենենք նաև, որ ավելի վաղ Ադրբեջանը տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին։ Պատճառն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակումն է եղել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության պահպանության ծառայության պետը, ևս երկու աշխատակից վիրավորվել է։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել: Ադրբեջանի ԱԳՆ վարչության պետ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքվում չեն կարծում, որ «Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական դրդապատճառներով»:
Աննա Բադալյան