«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իր դեմ նախաձեռնած դատական գործընթացը, հայաստանյան ֆուտբոլի խնդիրները, գնահատել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ, երկրի գրավչությունը ներդրումների համար, ինչպես նաև պատմել իր կողմից հովանավորվող հայ զորավարների մասին ֆիլմերի մասին:
– Արթուր Արշամի, հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն ձեզ դատի է տվել: Ի՞նչ կասեք այս մասին: Զարմանալի է, քանի որ դուք հայկական ֆուտբոլի ամենախոշոր ներդրողներից մեկն եք և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ։ Բացատրեք, թե ինչ գործ է և ինչպես է ընթանում դատավարությունը:
– Եթե փորձենք դա բացատրել ընդհանուր բառերով, ինձ թվում է, որ դա մարդկանց կոնֆլիկտ է, որոնք փորձում են ինչ-որ բան ստեղծել այն մարդկանց հետ, որոնք քանդում են։ Հայկական ֆուտբոլում իմ հայտնվելը մի նպատակ ուներ՝ իսկապես ցանկանում եմ լուրջ եվրոպական ակումբ ստեղծել Հայաստանում, որտեղ հիմքը կլինի սեփական ֆուտբոլային ակադեմիան, և կարծում եմ, որ դա հնարավոր է: Ցավոք, շատ բան է պետք անել այդ կետին հասնելու համար, քանի որ մենք շատ հեռու ենք, բայց այդ նպատակին հասնելու ճանապարհին, իհարկե, պետք է հաղթահարել շատ դժվարություններ։ Ինձ համար նաև շոկ է, թե ինչպես է ֆեդերացիան իրեն պահում, որովհետև վստահ էի, որ ի դեմս նրանց դաշնակից կգտնեմ։ Ստացվում է՝ հակառակն է։
Եթե խոսենք իրավաբանական լեզվով, ապա ինձ ուղղակիորեն դատի է տվել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, դա պատվի և արժանապատվության պաշտպանության հայց է։ Անկեղծ ասած, հայցը կարդալուց հետո ես այդպես էլ մինչև վերջ չհասկացա դրա էությունը։ Իսկ դրա հիմնական բովանդակությունն այն էր, որ ես հնչեցրել եմ այն փաստերը, որոնք այսօր կան հայկական ֆուտբոլում։ Ֆուտբոլը մարզաձև է, որտեղ կա արդյունք, ինչպես ասում են, ցուցատախտակի վրա ամեն ինչ գրված է։
Ցավոք, հայկական ֆուտբոլում իրավիճակն այսօր առավել քան կրիտիկական է, իսկ ավելի ճիշտ՝ ուղղակի աղետալի: Ես հնչեցրել եմ իմ մտահոգությունները, ընդ որում՝ հաստատելով դա կոնկրետ փաստերով, բայց Ֆեդերացիայի ղեկավարությունն այնքան չի ուզում, որ ինչ-որ ձևով ամեն ինչ շրջանառվի, որ սկզբում սկսել է ինձ վախեցնել գործեր հարուցելով, դատարաններով և, ի վերջո, դատի է տվել։
Մայիսի 5-ին տեղի կունենա առաջին դատական նիստը: Մենք վստահ ենք փաստաբանների հետ, որ կապացուցենք մեր իրավացիությունը, իսկ դատարանում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի մեր ղեկավարների ոչ կոմպետենտությունը։ Որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական ֆուտբոլում, իսկապես շատ տխուր պատկեր է։
-Այդ դեպքում, խնդրում եմ, նշեք Ձեր կարծիքով հայկական ֆուտբոլում առկա խնդիրները և որքանո՞վ է դրանք կարողանում լուծել ՀՖՖ նոր ղեկավարությունը:
– Եթե խոսենք ֆուտբոլի մասին, ապա ես այն կբաժանեի երկու մասի։ Մեկը ակումբային ֆուտբոլն է, հավաքականը, մյուսը՝ մեր հայկական ազգային ֆուտբոլը։ Անկեղծ ասած, ինձ համար վերջինն առավել հետաքրքիր է։ Ես եկել եմ հենց Ազգային ֆուտբոլը բարձրացնելու նպատակով։ Ինչ վերաբերում է ակումբներին և հավաքականներին, ապա այնտեղ այսօր հիմնական դերը խաղում են ոչ հայկական ֆուտբոլային սաները։ Նույնիսկ հավաքականում, թեև հայտնվել են և լավ է, որ հայտնվել են, հայ երիտասարդներ են, բայց նրանք բոլորը Հայաստանից դուրս են և այլ դպրոցների սաներ: Այդ մասին կխոսենք մի փոքր ուշ։
Ակումբային ֆուտբոլում նույն իրավիճակն է։ Եթե նայեք աղյուսակին, օրինակ, ռմբարկուներին, ապա առաջին հնգյակում ոչ մի հայկական ազգանուն չեք տեսնի։ Այսինքն՝ բոլոր թիմերում առաջատար են լեգեոներները։
Ես խոսում եմ հենց հայկական ֆուտբոլի, մեր սաների մասին։ Իմ կարծիքով ֆուտբոլը ոչ միայն սպորտաձև է, այլև առիթ է երիտասարդների հետ խոսելու, նրանց զարգացնելու և, ի վերջո, դա կարող է շատ օգնել երկրին: Ուստի այստեղ ես տեսնում եմ իմ հիմնական նպատակը, գաղափարը և, անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է դա անելը: Բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում, պարզապես աղետ է։
Ահա, օրինակ, տարիքով տարբեր երեք հավաքական թիմեր Հայաստանից մասնակցում են Եվրոպայի առաջնություններին։ Նրանք U17, U19 և U21 հավաքականներից են: Ընդ որում, առաջին երկու տարիքային կարգերում առաջնություններն անցկացվում են ամեն տարի, իսկ Մ21 թիմի համար մրցաշարը՝ երկու տարին մեկ: Ես կարճ կասեմ արդյունքները: Մ21 թիմը Եվրոպայի վերջին երկու առաջնությունների ընտրական խաղերն անցկացրել է այն ժամանակահատվածում, երբ ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում է Մելիքբեկյանի թիմը: 20 խաղերից պարտվել են 18-ը, այդ թվում՝ Ֆարերյան կղզիների կիսապաշտպանական թիմին։ Այսօր մեր Մ21 հավաքականը վարկանիշային աղյուսակում ամենաներքևում է՝ Սան Մարինոյի և Ջիբրալթարի կողքին: Այսինքն՝ մենք երբեք այսքան ցածր չենք իջել։
Ընդ որում, այդ երիտասարդները վաղը պետք է երկիրը ներկայացնեն հիմնական ազգային հավաքականում։ Նրանք 21 տարեկան են, արդեն կայացած ֆուտբոլիստներ և ամենևին էլ երեխաներ չեն։ Ահա այսօրվա հայկական երիտասարդական ֆուտբոլի մակարդակը…
Եթե խոսենք պատանեկան ֆուտբոլի Մ19 և Մ17 հավաքականների մասին, ապա իրավիճակը նույնն է՝ պարտվեցին բոլոր խաղերը։ Ասենք, որ Մ19 թիմը մեկ հանդիպում ոչ-ոքի խաղաց: Մ17 թիմը (2021 թվականին առաջնությունը չի անցկացվել համավարակի պատճառով) 2020 և 2022 թվականներին անցկացրել է 6 խաղ և բոլորում պարտվել է 2-30 ընդհանուր հաշվով։ Այսինքն՝ յուրաքանչյուր խաղում 5-ական գնդակ էին բաց թողնում, ընդ որում՝ ամեն անգամ խմբերում քիչ մրցակիցներ էին լինում, այսինքն՝ խմբերում թոփ թիմեր չկային: Սրանք մեր 16-17 տարեկան տղաներն են, սա առաջին տարիքն է, երբ կարելի է ասել, որ մենք նրանցից ինչ-որ արդյունք ենք ակնկալում։
Երբ մտածում ես արդյունքների մասին, իսկ ես մտածում ու զարմանում եմ, որ ֆեդերացիային դա ընդհանրապես չի հետաքրքրում, ուզում եմ հասկանալ պատճառը։ Եվ կարող է լինել երկու պատճառ՝ կա՛մ մենք ունենք այդպիսի թույլ երեխաներ, կա՛մ ինչ-որ բան սխալ ենք անում:
Երեխաների վերաբերյալ վստահ եմ, որ հայ երեխաները շատ տաղանդավոր են։ Եվ այդ պատճառով ես եկա ֆուտբոլ։ Որպես օրինակ կարող եմ բերել «Փյունիկը», որը երկու շաբաթ առաջ Սոչիում մասնակցում էր խոշոր մրցաշարի։ Կար 16 թիմ: Մասնակցում էին 2007 և 2008 թվականներին ծնված տղաներից կազմված թիմերը: Այսինքն՝ 15 և 16 տարեկան տղաներ, որոնք շուտով կարող են ներկայացնել Հայաստանը։ Չնայած այնտեղ ուժեղ թիմեր կային, բայց մեզ մոտ երկու թիմերն էլ դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ մեկը պարտվեց Կրասնոդարին, քանի որ Կրասնոդարի դպրոցը ուժեղ է, բայց հընթացս հաղթեցին Սոչիին և Օրենբուրգին։ Արդյունքում մի թիմը գրավեց երկրորդ տեղը, իսկ մյուսը՝ երրորդը՝ հանդես գալով շատ արժանապատիվ ձևով։ Սակայն, ինչն էր ուշագրավ, երկու տարիքում էլ մրցաշարերի լավագույն խաղացողներ են ճանաչվել հայերը՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի խաղացողները: Մեզ համար դա նույնպես կարևոր էր։
Ուստի, ինչ վերաբերում է երեխաներին, ապա կասկած չկա, որ հայկական ֆուտբոլն ունի ներուժ, որովհետև մեզ մոտ գենետիկորեն միշտ երեխաները հակված են եղել ֆուտբոլ խաղալուն: Մենք ունենք նաև հիանալի եղանակային պայմաններ, կարելի է տարվա մեջ 11 ամիս ֆուտբոլ խաղալ։ Մեզ մոտ երեխաները ֆուտբոլ սիրում են, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում։
Հետևաբար, իմ պատկերացմամբ, իհարկե, խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում գործընթացը, և ոչ թե այն, թե ինչպիսի երեխաներ ունենք: Եվ այստեղ ես տեսնում եմ հսկայական խնդիրներ: Այն, ինչ անում է ֆուտբոլի ֆեդերացիան, որքան խորանում եմ, այնքան հիասթափվում եմ։ Իսկ եթե անկեղծ ու լրիվ անիջական ու կոշտ լինեմ, ապա դա դավաճանություն եմ անվանում, քանի որ այն, ինչ անում են, իրենց ամեն մի որոշումն ուղղված է հայկական ֆուտբոլն էլ ավելի ոչնչացնելուն։
-Վերջերս Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Պետրակովի գլխավորությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի երկու հանդիպում: Ինչպե՞ս եք գնահատում հավաքականի խաղը նոր մարզչի գլխավորությամբ:
-Ես կարծում եմ, որ դեռ քիչ ժամանակ է անցել լուրջ գնահատականներ տալու համար։ Իմ կարծիքով, դարձյալ մեծ բացթողում է ֆուտբոլի ֆեդերացիան, որ գլխավոր մարզչին կանչել են միայն հունվարի վերջ, թեև մեզ մոտ սեպտեմբերի վերջին հավաքականը զրկվել է մարզիչից: Այդ ժամանակվանից կարելի էր մենթոր գտնել, որպեսզի նա հասցներ ծանոթանալ խաղացողների հետ, տեսնել նրանց գործի մեջ, քանի որ շատ քիչ ժամանակ կար լուրջ խնդիրներ լուծելու համար։ Մենք բոլորս ինչ-որ հրաշքի հույս ունենք, որ ինչ-որ մեկը կգա և կլուծի խնդիրները, բայց իրականում ֆուտբոլը հետաքրքիր է նրանով, որ այնտեղ լուրջ աշխատանք է կատարվում, և լուրջ արդյունքի հասնելու համար պետք է մեծ ճանապարհ անցնել։
Ինչ վերաբերում է անմիջապես հավաքականի կազմին, ապա, որպես ֆուտբոլով զբաղվող մարդ, ինձ ուրախացնում է, որ այնտեղ երիտասարդ տղաներ են հայտնվել։ Հիասթափեցնողն այն է, որ նրանք բոլորը հայկական ֆուտբոլի սաներ չեն, այսօր մեր բոլոր լավ խաղացողները երկրից չեն։ Եվ մտահոգիչ է, որ նրանք տարբեր դպրոցներից են՝ ռուսական, գերմանական, Լատինական Ամերիկայից։
Խաղադաշտում նույն ֆուտբոլային լեզվով խոսելու համար ժամանակ կպահանջվի։ Իսկ թե որքան, այնքան էլ պարզ չէ։ Իհարկե, այն, որ մարզիչը հայ չէ ինձ համար նույնպես, անկեղծ ասած, տխուր է, քանի որ ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանում կան արժանի մարզիչներ։ Հայաստանի նման թիմը, հիմնականում ինչպե՞ս կարող է ինչ-որ բանի հասնել՝ բնավորության հաշվին։
Ինչ վերաբերում է խաղացողների վարպետությանը, ապա, ցավոք, դժվար կլինի մրցել լուրջ հավաքականների հետ։ Իսկ ահա բնավորության հաշվին, օրինակ, այն, ինչ «Փյունիկը» ցույց տվեց անցյալ տարի եվրագավաթներում (թիմը շարունակեց իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ դառնալով երկրորդ հայկական ակումբը եվրագավաթների խմբային փուլերի պատմության մեջ – խմբ.), ինձ թվում է մեր հավաքականը կարող է փորձել նույնն անել։
Իհարկե, բոլորս հույս ունենք, և ես էլ որպես հավաքականի երկրպագու, որ Հայաստանի հավաքականը մեզ կուրախացնի։ Սակայն առայժմ, անկեղծ ասած, ես ավելի շատ մտահոգություններ ունեմ, քան լուրջ հույսեր: