Այս ամբողջ ընթացքում պետական մի սուբյեկտ չի կարող ասել, թե ինքը մի գործառույթ կատարել է: «Բեսթ Ռոուդ» ընկերությունը, որ ասում են, թե պատկանում է ինձ և 16 միլիոն դրամի չարաշահում է արել, պատերազմի ամբողջ ընթացքում ողջ զինտեխնիկայի տեղափոխումն է կատարել և ծիծաղելի է այս առնչությամբ գործ հարուցելը, որովհետև, գուցե, դա մեկ օրվա վառելիքի գումարն է եղել։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և նշեց, որ այդ կազմակերպության երկու սեփականատերերից մեկը իր ընկերն է, մյուսը՝ բարեկամը, որը ՌԴ-ում նույն բիզնեսով է զբաղվում և Գորիսում մոտ 4 միլիոն դոլարի ներդրում է արել:
Ինչպես Առուշանյանն ասաց՝ Գորիսի համայնքապետարանը պատերազմի ողջ ընթացքում մեր նահատակված եղբայրների դիերը տեղափոխելու բոլոր գործառույթները կատարել է։
«Ներկա կառավարությունը վայրկյան շուտ պետք է հեռանա: Իրենք չգիտեն, թե ինչ է պոստը, թշնամին հարյուրավոր տեխնիկա է բերում, մե՞նք ինչ ենք անում»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է պայքարեն։
Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում են նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը: Հիշեցնենք նաև, որ առավոտյան Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր։ Նա կոչ էր արել փակել Գորիս տանող ճանապարհը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չայցելի։