Սահամանդրական դատարանը անվավեր ու Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը:
«ՀՀ ՍԴ-ն, քննելով դիմումները, որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության թիվ 170 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Նա հայտնեց, որ սույն գործով դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք է ներկայացրել որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը քննության էր առել Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Հիշեցնենք նաև, որ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ): Նշենք, որ 300․1 հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: