ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջում անդրադարձ է կատարվել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածն անվավեր և հակասահմանադրական ճանաչելու որոշմանը:
«ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։ Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը քննության էր առել Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Հիշեցնենք նաև, որ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ): Նշենք, որ 300․1 հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: