Այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է ու հորինվել է ՀՔԾ-ի կողմից, այն հաստատել է դատախազությունը՝ քաղաքական պատվերի շրջանակում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ կայացած դատական նիստին։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Գործով մեղադրյալներ են նաև Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Նշենք, որ վերոնշյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը կորոնավիրուսից մահացել են, և դատարանը, բավարերելով հարազատների դիմումները, դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն այսօր հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Դատարանի հարցին՝ ինքն իրեն մեղավոր չի՞ ճանաչում՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց․«Ես մեղավոր չեմ»։