Ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Քաջարան քաղաքում տեղի ունեցած անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քաջարան քաղաքի գերեզմանատան մոտ Քաջարան քաղաքի բնակիչներ 16-ամյա Արամ Խ․-ն , 17-ամյա Հայկ Ն․-ն, 15-ամյա Արմեն Մ․-ն և 17-ամյա Հրաչյա Ս․-ն վիճաբանություն են ունեցել Քաջարանի բնակիչ 15-ամյա Հմայակ Գ․-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ երբ ոստիկանության Կապանի բաժնի անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներով, մեկնել են տուժածի բնակության վայր, ծեծվածի մայրը հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ այդ ընթացքում զբաղված է եղել որդու առողջության վերականգնմամբ։
Ծեծի մասնակիցները ծնողների հետ հրավիրվել են Կապանի ոստիկանություն, այնուհետև բաց են թողնվել։