ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և ևս 7 անձի հողերի ապօրինի օտարմանը վերաբերող գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Գործն ուղարկվել է դատարան:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ հիշյալ անձինք մեղադրվում են մի քանի դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Հողերի ապօրինի օտարմանը վերաբերող գործով կազմվել էր մեղադրական եզրակացություն, այն հաստատելու և քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդություն էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: