ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում և հետընտրական շրջանում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձաց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ ընդհանուր անցել է 91 անձ: Ընդ որում՝ վերջիններից 67-ին կամ ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսին մեղադրանքն առաջադրվել է ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար:
2022թ. հունվարի 1-ի դրությամբ քրեական գործերից 14-ի վարույթը կասեցվել է, 24 քրեական գործով կայացվել են քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու, որոշ դեպքերում՝ նաև քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ:
Նախաքննության փուլում շարունակում է մնալ 20 քրեաքկան գործ, որոնցով մեղադրյալի կարգավիճակով անցնում է 34 անձ: Այդ թվում՝
24-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար,
6-ին՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,
1-ին՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվերակելու փորձ կատարելու համար,
1-ին` մի խումբ անձանց կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար,
1-ին՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝
1-տեղամասային կենտրոնում կամ դրան հարղ տարածքում բռնություն գործադրելու, կամտեղամասային կոնտրոնում կամ դրան հարակից տարածքում բնություն գործադրելու համար և զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու համար:
Բոլոր գործերով մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընտգրկված անձինք:
Մեղադրյալներից 24-ի, այդ թվում պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 12 անձի նկատմամբ:
2022թ. հունվարի 1-ի դրությամբ կալանքի տակ շարունակել է մնալ ընտրական բնույթի հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված 6 անձ:
Ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված 29 քրեական գործ: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 53 անձ։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ դատարան ուղարկված՝ 42 անձի վերաբերյալ 22 գործով դատական քննությունը շարունակվում է: