Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպանական կողմը ստացել է նրա գործով միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճեն։ Այս մասին հայտնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենը, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին և այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար:
Հարգելի հայրենակիցներ, վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի»,- գրել է նա։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը նոր որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել էր, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Հավելենք, որ ավելի վաղ Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն, նորից կալանավորվել էր։