«Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Տաթևիկ Հակոբյանը հայտարարությամբ են հանդես եկել:
«Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նարեկ Մանթաշյանը ունի շաքարային դիաբետ, որը այսօր հասել է մահացու 27 նիշի: Խնդրի վերաբերյալ պարոն Մանթաշյանը փորձել է տեղյակ պահել իր պաշտպաններին, բայց ԱԱԾ խայտառակ ապօրինության արդյունքով դա եղել է անհնարին, քանի որ ԱԱԾ-ն արգելել է Ն.Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա:
Այսօր պաշտպան Տաթևիկ Հակոբյանը որոշել էր հերթական անգամ այցելել Նարեկ Մանթաշյանին, սակայն ՔԿՀ-ում նրան տեղեկացրել էին, որ պարոն Մանթաշյանը հոսպիտալացվել է: Մենք փորձել ենք պարոն Մանթաշյանին գտնել տարբեր ԲԿ-ներում, սակայն՝ ապարդյուն: Եվ միայն րոպեներ առաջ ենք կարողացել գտնել պարոն Մանթաշյանին, երբ նրան բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են ՔԿՀ: Հայտնում ենք նաև, որ բուժօգնությունից հետո Ն.Մանթաշյանի «շաքարը իջել է» 20, ինչը ևս ծայրահեղ բարձր է: Ն.Մանթաշյանի ինքնազգացողությունը ևս շարունակում էր մնալ ծանր:
Նշված խնդրի հետ կապված հրավիրում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան -Human Rights Defender of Armenia-ի և ԶԼՄ-ների ուշադրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քրգործեր էին հարուցվել 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքերի առթիվ: Նարեկ Մանթաշյանը, ըստ ԱԱԾ-ի, մասնակցել է ՀՀ կառավարության թիվ 1 շենքում կատարվող զանգվածային անկարգություններին և կազմակերպչական գործողություններ է իրականացրել: Նա այժմ կալանավորված է: