ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը, ի նշան բողոքի, լքեցին դատական նիստերի դահլիճը։
«Ես ընդամենը պահանջում եմ պարզաբանել դատախազի կողմից ընթերցված մեղադրանքը։ Ի նշան բողոքի դատարանի գործողություններից՝ ես ներկա չեմ գտնվում այսօրվա նիստին։ Առաջին օրվանից այս դատավարությունը ոչ մի ընդհանուր բան չունի դատական պրոցեսի հետ, բացի ինտերիերից», – հայտարարեց պաշտպան Ալումյանը և լքեց նիստերի դահլիճը։
«Դուք պաշտպանելու հնարավորություն չեք տալիս»,- իր հերթին ասաց Խուդոյանը և հետևեց գործընկերոջը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը արձանագրեց, որ պաշտպանները լքել են դահլիճն առանց դատարանի թույլտվության։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միանգամից միջնորդեց դատական սանկցիա կիրառել նրանց նկատմամբ, ինչին ի պատասխան Դանիբեկյանն ասաց, որ առանց այդ էլ նախատեսում էր դա անել։ Դատավորն ավելացրեց, որ հնարավորություն չունի պաշտպաններին իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն ընձեռել, քանի որ վերջիններս ներկա չեն։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական սանկցիայի կիրառման վերաբերյալ ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր երեկոյան՝ ժամը 17։50-ին։
Հիշեցնենք, որ ըստ դատախազ Պետրոս Պետրոսյանի ընթերցած մեղադրական ճառի՝ Ռոբերտ Քոչարյանը 1998-ին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ըստ մեղադրական ճառի՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ մեղադրող կողմի համաձայն, մեղադրյալներին կարող է սպառնալ 7-12 տարվա ազատազրկում: