Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարել է, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները դեռ չեն վերադարձվել։
«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի՝ երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում արված վերահաստատման գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ մարտի 18-ի ժամը 18-00-ի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել»,- նշված է կառույցի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել էր, որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»:
Հաջորդիվ Դատական դեպարտամենտից հայտնել էին, որ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել:
Ավելի ուշ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում վերահաստատել էր Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին իր հրապարակումը՝ կից տեղադրելով նաև փաստաթղթի՝ հրապարակման ենթակա հատվածները։
Բարձրագույն դատական խորհուրդն իր այսօրվա հայտարարությամբ արձագանքել է Աբրահամյանի հենց այս վերահաստատմանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել։