Հայաստանի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանին։ Այս մասին «Լուրեր»-ին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի հիմնադիրը բերման է ենթարկվել կեղծ ձեռնարկատիրության կասկածանքով։
Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվել էր նաև 2019 թվականին, սակայն դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրա հիմնադրած ընկերությունը զբաղվում է երթեւեկության վերահսկման համակարգերի սպասարկմամբ։ Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար: