Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ:
ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ:
Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք: Մասնավորապես՝
• քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում,
• ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում,
• առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում,
• հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում:
ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց:
Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն:
Հիշեցնենք, որ Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրության նախնական արդյունքներն, ըստ ԿԸՀ-ի, հետևյալն են։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 37 015, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 23 378: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 9 694, ՔՊ՝ 13 139: